ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել

Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն: Այժմ արտադրությունում հերթափոխով աշխատում են առանձնահատկություն ունեցող 19 դեռահաս, զբաղվածությունը՝ շաբաթական 12 ժամ է։

 «Քայլ առաջ» ՀԿ-ն ստեղծել են առանձնահատկություն ունեցող երեխաների ծնողները, որ պատանիները կարողանան դառնալ հասարակության լիիրավ անդամ: Երեխաների համար կենտրոնում անցկացվում են նաև թերապևտիկ աշխատանքներ:

«Քայլ առաջ» հասարակական կազմակերպության «Ձեռք ձեռքի» սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Թղթե բաժակների արտադրական հաստոցներից մեկը ձեռք է բերվել հիմնադրամի աջակցությամբ։

Բրենդավորված բաժակների պատվեր կարող են իրականացնել բոլորը՝ սկսած անհատներից և կազմակերպություններից:

«Արտադրական պրոցեսը ներկայացնում է կրկնվող գործողությունների շղթա, ինչն էլ իդեալական պայմաններ է ստեղծում, որ այս դեռահասները վարպետների և մասնագետների հսկողության ներքո կարողանան ինքնուրույն աշխատել և վաստակել իրենց գումարը: Երեխաները ոգևորվածությամբ մասնակցում են արտադրական այս պրոցեսին և մենք գիտենք, որ մեկանգամյա օգտագործման սպասքի մեջ այս լամինացված բաժակները ամենաանվտանգն են և՛ մարդկանց, և՛ շրջակա միջավայրի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Երբ թերապևտիկ աշխատանքներն էինք իրականացնում, միտք առաջացավ  ձեռնարկել փոքր ձեռնարկատիրություն և մեր օրինակով ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս ունեն կարողություններ և կարելի է զարգացնել այդ կարողություններն ու դրանց միջոցով ինտեգրվել հասարակությանը: Այս պարագայում երեխաները հնարավորություն են ունենում պատվերներ գրանցելիս ամեն անգամ նոր մարդու հետ խոսել, ինչը բավականին մեծ քայլ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Միևնույն ժամանակ, նրանք դուրս են գալիս առաքման աշխատանք կատարելու և ամեն անգամ տարբեր հասցեներ ու մարդիկ են հանդիպում, ինչը հնարավորություն է տալիս, որ երեխաները կարողանան հաղորդակցման խնդիրները հաղթահարել: Այս տեսանկյունից ծրագիրը մեզ համար մեծ նշանակություն ուներ»,- նշել է կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Արփինե Աշոտյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Այլ նորություններ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել է 200-ից ավելի կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը և կատարելագործմանը ուղղված  ծրագրեր:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2022թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը  մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Կարդալ ավելին