ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր

Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:

«Աստղացոլք» ՀԿ-ի Clay House՝ «Կավե տնակ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը Ճամբարակի կանանց ապահովել է աշխատանքով և նոր բիզնես ստեղծելու հնարավորություն տվել։ Սկզբում ստեղծում էին հուշանվերներ, զարդեր, հետո ուսումնասիրելով մանկական խաղերի դաշտը՝ նկատեցին, որ տեղական արտադրության կերամիկական խաղերը շուկայում քիչ են։

Խաղերում օգտագործվում է Ճամբարակի բարձրորակ կավը. հենց կանայք էլ մշակում են այն ու ստանում էկոլոգիապես մաքուր և անվտանգ արտադրանք։

Clay house սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով ստեղծվել են նոր աշխատատեղեր և խոցելի խմբի կանայք կարողանում են աշխատել և շահույթ ստանալ։

«Առաջին հերթին կարևոր էր, որ տեղական հումքի օգտագործմամբ նոր արտադրատեսակ են շուկային ներկայացնում՝ դրանով իսկ խթանելով նոր աշխատատեղերի ստեղծումը, որտեղ ներառվում են սոցիալապես անապահով խմբերի կանայք։ Մենք փորձում ենք ապահովել տվյալ ծրագրի շղթայական գործունեությունը. մի ծրագիրը խթանում է, որ ստեղծվի պրոդուկտ կամ աշխատատեղ, որն էլ աջակցում է, որ տվյալ ծրագրում ընդգրկվեն շատ շահառուներ, իսկ հասույթն էլ ուղղվում է սոցիալական հերթական ծրագրերի իրագործմանը», - նշում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Մեր արտադրամասի գործունեության զարգացումը երկու մաս ունի. մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին դիմելն ու դրանից հետո: Երբ համադրում ենք, թե ինչից ենք սկսել և ուր ենք հասել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ, կարող ենք վստահ փաստել, որ որակապես նոր մակարդակ է ստացվել։ Ուրախ ենք, որ մեր հաճախորդներին կարողանում ենք առաջարկել յուրահատուկ պրոդուկտ՝ զարգացնող խաղ, ու կարողանում ենք ոչ միայն մտածել ընթացիկ գործունեության ապահովման մասին, այլև՝ զարգացման», - նշում է Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 

Այլ նորություններ

Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել է 200-ից ավելի կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը և կատարելագործմանը ուղղված  ծրագրեր:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին