Ստեփան Գիշյան

Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964 թ. մայիսի 5-ին Երևանում: 1971-1981 թթ. սովորել է Երևանի թիվ 127 դպրոցում: 1981-1986 թթ. կրթությունը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ այնուհետև ավարտելով նաև ասպիրանտուրան:

1986-1995 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում,  Հայէկոնոմբանկում, ՀՀ Հարկային տեսչությունում:

1995 թվականից ներգրավվում է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի ստեղծման և կայացման գործի մեջ՝ դառնալով բանկի համահիմնադիր և ստանձնելով գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա առաջնորդությամբ հաջողությամբ իրականացվում է գյուղացիական տնտեսությունների վարկավորման ծրագիրը։

2001թ. տնտեսության ոլորտում ծավալած ակնառու գործունեության համար Ստեփան Գիշյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվում է «Անանիա Շիրակացի» մեդալով:

2002 թվականին Փարիզում նրան շնորհվում  է "General Management Training" E.F.Q.M. (CSP) կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր հավաստագիրը:

2003թ. Ստեփան Գիշյանի գործադրած համառ ջանքերի շնորհիվ ստեղծվում է Հայաստանում իր բնույթով առաջին լիզինգային կազմակերպությունը՝ ԱԳԲԱ Լիզինգը: Նա ստանձնում է խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ  ընկերությունը կարճ ժամանակում գրավում է Հայաստանի լիզինգային շուկայի շուրջ 85%-ը:

2005թ. Ստեփան Գիշյանն ընտրվում է Գյուղատնեսական բանկերի միջազգային կոնֆեդերացիայի (CICA) Գործադիր կոմիտեի անդամ-փոխնախագահ, ինչն առ այսօր Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում գրանցված եզակի ձեռբերում է (ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է կոնֆեդերացիայի անդամ՝ սկսած 1996 թ.-ից):

Նույն թվականին նա դառնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ:

2006թ. Ստեփան Գիշյանի համառ ջանքերի և նրա ղեկավարած բանկի փայլուն գործունեության շնորհիվ հայ-ֆրանսիական համագործակցությունը նոր որակ է ստանում. ֆրանսիական ֆինանսական հսկայի՝ Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից «Հայգյուղփոխբանկ»-ում բաժնեմասի ձեռքբերմամբ «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվում և վերանվանվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի։ Գործադիր տնօրենի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Ստեփան Գիշյանը:

2006-2007թթ. Ստեփան Գիշյանը նախագահել է Հայաստանի Բանկերի միությունը՝ ապահովելով պետության և Հայաստանի Կենտրոնական բանկի հետ երկխոսությունը երկրի բանկային համակարգում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Նույն թվականին նրա նախագահությամբ հիմնադրվում է Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը, որը դառնում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման առաջամարտիկներից մեկը:

2009թ. ընտրվում է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նույն թվականին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից Ստեփան Գիշյանը պարգևատրվում է «Վաստակի համար» ազգային շքանշանով:

2013թ. նրա անմիջական ջանքերով և անմիջական մասնակցությամբ ստեղծվում  է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերությունը, որտեղ նա ստանձնում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Նույն թվականին Luxury ամսագրի կողմից Ստեփան Գիշյանը ճանաչվում է «Տարվա բանկիր»:

Նրա ղեկավարման տարիներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դառնում է հեղինակավոր Financial Times-ի The Banker ամսագրի  «Տարվա լավագույն բանկ» անվանակարգի հնգակի հաղթող:

2014 թվականի մարտի 22-ին 49 տարեկանում Ստեփան Գիշյանը կյանքից անժամանակ հեռացել է հիվանդության պատճառով՝ խոր ցավ ու վիշտ պատճառելով ինչպես իր մտերիմներին, հարազատներին, աշխատակիցներին, այնպես էլ նրան ճանաչող հազարավոր մարդկանց: 

 

Արժեհամակարգը

Խիստ կամային բնավորության տեր անձնավորություն, ով անպայման հասնում էր իր առջև դրված նպատակին։ «Իրագործել անիրագործելին». սա էր Ստեփան Գիշյանի կարգախոսը, և նրան դա իրոք հաջողվում էր։

Նա օժտված էր մարդկանց միավորելու և իր գաղափարներով ոգեշնչելու ու վստահություն ներշնչելու բացառիկ հատկությամբ։ Միայն նման անձնավորությանը կարող էր հաջողվել բանկ ստեղծել մի ոլորտի համար, որտեղ նյութական արժեհամակարգը տնտեսագիտության տեսանկյունից բացակայում էր, և հարկավոր էր կերտել նոր արժեհամակարգ։ Նա թիմի առաջնորդ էր և իր թիմի համար որպես սկզբունք էր ընտրել իր սիրելի խոսքը՝ «Մենք դա կանենք»

Ստեփան Գիշյանն աչքի էր ընկնում բացառիկ աշխատասիրությամբ. շատ էր աշխատում՝ ոգևորելով նաև իր թիմին և օրինակ ծառայելով նրա համար: Երբեք չէր բավարարվում ձեռք բերածով, միշտ ձգտում էր ինքնակատարելագործման։

Նա շատ էր սիրում իր երկիրը, իր ազգը, միշտ ասում էր, որ ապրելու համար ամենալավ վայրը Հայաստանն է։ Սրբությամբ պահպանում էր նախնիներից հասած ավանդույթները:

Նրա համար շատ մեծ նշանակություն ունեին ընտանեկան արժեքները: Շատ էր սիրում ծնողներին՝ ջանալով հնարավոր ամենն անել նրանց համար, և, առհասարակ, խիստ հարգալից էր մեծերի հանդեպ:

Նաև շատ կենսուրախ էր և ընկերասեր։ Թեև առաջին հայացքից խիստ մարդու տպավորություն էր թողնում, իրականում օժտված էր նուրբ հումորով, կատակասեր էր։ Ընկերական շրջապատի հոգին էր. որտեղ էլ լիներ, նրա շուրջ կատակներ էին, երգեր, ծիծաղ։

Նրա համար մեծագույն արժեքը մարդն էր, և նա ինքը մարդ էր մեծատառով։