Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի երեխաները կրթություն կստանան տեխնիկապես հագեցած և վերազինված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այս լաբորատորիայում ծրագրավորման, ռոբոտաշինության ու 3D մոդելավորման միջոցով երեխաները կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները։
«Արմաթը» «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է, որի աջակցությամբ դասասենյակը համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է համակարգիչների ուժեղացում և ընդհանուր վերազինում։
«Գիտենք, թե 21-րդ դարում որքան կարևոր է նմանատիպ կրթությունը, մասնավորապես սահմանամերձ մարզերի երեխաների համար, որոնք շատ քիչ հնարավորություն ունեն, և սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, որպեսզի դպրոցից դուրս հաճախեն նման դասերի: Շատ ենք ուրախանում, երբ նման կարևոր ծրագրերում ունենում ենք մեր ներդրումը։ Գիտենք, որ հետագայում մենք լավ մասնագետներ կունենանք՝ պիտանի թե՛ մեր պետության, թե՛ իրենց տարածաշրջանի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի օգնությամբ ձեռք ենք բերել սարքավորումներ, որոնց միջոցով հզորացվել են համակարգիչներն ու տեխնիկական սարքավորումները։ Վերազինման շնորհիվ երեխաներն ավելի շատ սկսեցին ընդգրկվել դասապրոցեսում, ավելի հստակ գիտելիք ստանալ ու ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Նոյեմբերյանի շրջանի «Արմաթ» լաբորատորիաների տարածքային պատասխանատու Սլավիկ Միրիջանյանը:
«Քանի որ մենք ապրում ենք ծայրամասային շրջանում, մեր տարածաշրջանում երեխաները չունեն այլ մեծ զբաղմունք։ Վերազինման արդյունքում նրանք մոտիվացվում են և իրենց ժամանակը կարողանում են այստեղ «խելացի» տնօրինել, օգտվում են սարքերից, ստեղծում են իրենց մտքերն ու վաճառում իրենց ստեղծածը»,- նշել է Նոյեմբերյանի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Նինա Գիշյանը։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: