ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաները ոսկերչություն կսովորեն հատուկ կրթահամալիրում

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները ժեստերի լեզվով կարողանում են նաև երգել. սիրելի երգերից մեկը հայոց երազանքի և հույսի մասին է՝ «Հուսո առագաստը»։

Կրթահամալիրի սաները ավագ դպրոցում սովորում են տարբեր արհեստներ՝ վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, գորգագործություն, կոշկակարություն և նույնիսկ 3D մոդելավորում։

2022-ին կրթահամալիրը դարձել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառու և արժանացել դրամաշնորհի։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որտեղ երեխաները ստանում են նախամասնագիտական կրթություն, ստացված դրամաշնորհի միջոցով ավելացվել է ևս մեկ արհեստանոց։ Ոսկերչության դասասենյակը բացվել ու ամբողջությամբ կահավորվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամն աջակցել է նաև կրթահամալիրի մյուս արհեստանոցների՝ անհրաժեշտ նյութերով ու պարագաներով համալրմանը, ինչը թույլ է տալիս ուսումնական պրոցեսը կազմակերպել ավելի հետաքրքիր ու հագեցած։

«Երեխաները ցանկանում էին, որ կրթահամալիրում բացվի ոսկերչությանը վերաբերող մեկ դասասենյակ-արհեստանոց. տղաների մեծ մասը ցանկություն էր հայտնել, որ ուզում են տիրապետել այդ մասնագիտությանը։ Մենք աջակցեցինք ու դասասենյակն ամբողջությամբ վերազինեցինք անհրաժեշտ տեխնիկայով, նյութերով ու պարագաներով»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Երեխաների մոտ ձևավորում ենք գեղարվեստական ճաշակ։ Երեխաները ձեռք են բերում նախամասնագիտական կրթություն, որը հետագայում նրանց հնարավորություն է տալիս ազատ, վստահ և ինքնուրույն լինել»,- նշել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանը։

««Ստեփան Գիշյան» բերագործական հիմնադրամի շնորհիվ հնարավորություն եղավ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում ներդնել նոր մասնագիտություն։ Երեխաների մեջ տեսնում եմ շատ մեծ պոտենցիալ և լույս. մեր խնդիրն է, որ կարողանանք բացահայտել մեր երեխաների ամենաուժեղ կողմն ու դրանով հնարավորություն տալ նրանց գնալ կյանքի ճանապարհով»,- նշել է «Համագործակցություն և զարգացում» հիմնադրամի խորհրդի նախագահ Լուսինե Բաբայանը։

Դպրոցում դասավանդողները վստահ են, որ այստեղ սովորում են Հայաստանի ապագա լավագույն վարպետները։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը» ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այլ նորություններ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2026թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Կարդալ ավելին
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է Հայաստանի բազմադարյա վանքերի, եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։
Կարդալ ավելին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։
Կարդալ ավելին