ԾՐԱԳՐԵՐ

«Ստեփան Գիշյան» հիմնադրամ. մարդիկ շատ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։

«Միայն 2017թ-ի ընթացքում  2-ից 18 տարեկան շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ առկա են հենաշարժողական խնդիրներ, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երևան քաղաքից են, այլև հարակից մարզերից, և հասկանալի է, որ նրանք մինչև կենտրոն հասնելը խոչընդոտների են հանդիպում։ Մենք չէինք կարող անմասն մնալ և չաջակցել այս կենտրոնի աշխատակիցների կողմից  իրականացրած մեծածավալ և չափազանց կարևոր աշխատանքին։ Միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաները անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն և հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա»,-իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները: Մեր  կենտրոնում երեխաները ստանում են մակրո և միկրո միջավայրում անկախության հմտություններ, որը  ներառում է նաև ինտեգրում հասարակությունում: Շատ կարևոր է, որ հասարակությունը կարևորի բազմազանությունը․ մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների, ամառային ճամբարների և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- իր խոսքում նշեց  «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անվճար հիմունքներով խորհրդատվության և ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավել քաղաքացիների։ 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Այլ ծրագրեր

Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
Կարդալ ավելին
Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել
Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն:
Կարդալ ավելին
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Կարդալ ավելին